Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Տուրք տալով մանկավարժների ճաշակին, երբեմն էլ` կամայականություններին

Տուրք տալով մանկավարժների ճաշակին, երբեմն էլ` կամայականություններին
25.03.2016 | 08:48

Դպրոցներում դրամահավաքը կանխելու համար արդեն քանի տարի է` վերացվել է աբոնեմենտային համակարգը, ինչի շնորհիվ հանրակրթական դպրոցների աշակերտները պարբերաբար հաճախում էին թատրոն, թանգարաններ և այլ մշակութային օջախներ: Դրամահավաքը կանխվել է, թե ոչ, այլ հարց է, բայց փաստ է, որ տուժել են և՛ դպրոցականները, և՛ մշակութային օջախները: Կան հարցեր, որ պետք է հստակեցվեն, կարգավորվեն` սկսած ներկայացումների ընտրությունից: Ի վերջո, կան ներկայացումներ, որ ուղղակիորեն առնչվում են ուսումնական ծրագրին: Կարելի է ենթադրել նաև, որ առանց այդ պարտադիր, ուղղորդող համակարգի երեխաները չեն հաճախի մշակութային օջախներ: Որոշ ուսումնական հաստատություններ մշտական ակտիվ կապ են պահպանում թանգարանների հետ, կազմակերպում են երեխաների այցելությունը թատրոն և մշակութային այլ օջախներ: Դրանք, թերևս, մեծ թիվ չեն կազմում: Բայց աբոնեմենտային պարտադիր համակարգի բացառումը կարծես չի բացառում կամայականությունները: Լուրեր շրջանառվեցին, որ աշակերտներին պարտադրում են ներկայացումների հաճախել, այն էլ` անճաշակ: Հակառակ դեպքում փոխում են վերաբերմունքը չհաճախող աշակերտի նկատմամբ: Գուցե ոմանց համար աշակերտներին կրթելը զուգորդվում է բիզնես-գործընթացի հետ, բայց եթե սա համատարած բնույթ կրեր, մեր թանգարաններն ու թատրոնները հաճախորդների պակաս չէին ունենա:
Մեր վերջին զրույցի ժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, խոսելով հանրակրթական դպրոցներում աբոնեմենտային համակարգի արգելման մասին, ասաց, որ այսօր դպրոցների առաջ ոչ միայն իրենց, բոլոր թատրոնների մուտքն է փակ, և այդ առումով առաջին հերթին պատանի հանդիսատեսի և տիկնիկային թատրոնի գործն է դժվարանում. «Մեր թատրոնը տասնյակ տարիներ շատ արդյունավետ աշխատել է դպրոցների հետ: Հաշվի է առել դպրոցի տնօրենության, ուսուցիչների դիտողությունները, առաջարկները, հանդիպումներ, քննարկումներ ենք կազմակերպել ներկայացումներից հետո, բավական լուրջ կրթական-դաստիարակչական աշխատանք է տարվել: Կարծում եմ, աբոնեմենտային համակարգը կարող էր գործել առանց պարտադրանքի՝ դպրոցների ղեկավարներին իրավունք տալով որոշելու, թե որ ներկայացումն է նպատակահարմար իրենց աշակերտներին»:
Եթե մեզ մոտ պատկերն այսքան հակասական է, ստացվում է, որ ո՛չ խելքը գլխին ներկայացում ունենք, ո՛չ բարեխիղճ ուսուցիչներ: Աշակերտների շրջանում անցկացված հարցումներս, սակայն, հուսադրող էին: Երեխաներն ասացին, որ ավելի հաճախ այցելում են թատերական ներկայացումների, երբեմն՝ կինոթատրոն, հազվադեպ` թանգարաններ: Պարտադրանք չկա: Գնում են հաճույքով:
Մեկ այլ կրթօջախից տեղեկացրին, որ համարյա ամեն շաբաթ գնում են թատրոն, թանգարաններ, կազմակերպում են էքսկուրսիաներ` քաղաքից դուրս: Կրթական աշխատանքների մաս են կազմում նաև ամեն շաբաթ անցկացվող շաբաթօրյակները, որոնց մասնակցում են ոչ միայն աշակերտները, այլև ուսուցիչները, դպրոցի ղեկավարությունը, ներառյալ տնօրենը: Մի բան հստակ է. քանի որ աբոնեմենտային համակարգը չի գործում, մնում է հույսը դնել դպրոցների ղեկավարության բարեխղճության, ճաշակի, երբեմն էլ` կամայականությունների վրա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ